Լճերի տեսակները և ջրամբարները

Լճերը ցամաքի բնական այն գոգավորություններն են, որոնք լցված են ջրով և  կապված չեն օվկիանոսի հետ: Լճերը ըստ ծագման՝  լի­նում են տեկտոնական, հրաբխային, տեկտոնահրաբխային, մնացորդա­յին, սառցադաշտային լճեր: Տեկտոնական ծագմամբ լճերը գոյացել են երկրակեղևի շարժումների հետևանքով: Դրանք աշխարհի ամենախոր լճերն են, օրինակ՝  Բայկալը:

Հրաբխային ծագմամբ լճերն առաջացել են հրաբուխների ժայթքու­մից, լինում են խառնարանային և արգելափակման: Խառնարանային լճե­րը փոքր են: Հայաստանի տարածքում հայտնի են Աժդահակը, Արմաղանը:Արգելափակման լճերն առաջանում են այն դեպքում, երբ լավային հոսքերը փակում են գետի հունը, և ջուրը, կուտակվելով, գոյացնում է լիճ: Լավային հոսքերը նպաստել են նաև Սևանա և Վանա լճերի առաջացմանը: Արգելափակման լճեր կարող են առաջանալ նաև լեռնալանջերի փլվածք­ների հետևանքով: Տիպիկ օրինակը Հայաստանում Պարզ լիճն է:
Տեկտոնահրաբխային ծագմամբ լճերն առաջացել են երկու ուժի՝ երկրակեղևի շարժումների և հրաբուխների ազդեցությամբ: Նմանատիպ լճե­րից հայտնի են Սևանա և Վանա լճերը:
Սառցադաշտային ծագմամբ լճերը ձևավորվել են սառցադաշտերի  հալոցքաջրերի և անձրևային ջրերի կուտակումից: Այդպիսի լճեր կան Արագած լեռան բարձրադիր մասերում, օրինակ՝ Քարի լիճը:
Մնացորդային լճերի տարածքն անցյալում եղել է ծովերի և օվկիա­նոսների մաս:
Լճերի սնման հիմնական աղբյուր են մթնոլորտային տեղումները, սառցադաշտերի հալոցքաջրերը: Այն լիճը, որից գետ է սկիզբ առնում, կոչվում է հոսուն լիճ: Հոսուն լճերից է Սևանը, որից սկիզբ է առնում Հրազդան գետը: Անհոսք է այն լիճը, որից ոչ մի գետ սկիզբ չի առ­նում: Անհոսք լճեր են Կասպիցը, Արալը, Հայկական լեռնաշխարհում՝ Ուրմիան, Վանա  լիճը:
Որպես կանոն՝ անհոսք լճերն աղի են, իսկ հոսունները՝ քաղցրահամ:
Ջրամբարներ: Բացի բնական ճանապարհով առաջացած լճերից՝ գոյություն ունեն նաև արհեստական լճեր, որոնք ստեղծվել են մարդու կող­մից: Դրանք կոչվում են ջրամբարներ:
Ջրամբարներում կուտակված ջուրն օգտագործում են ոռոգման, ջրա­մատակարարման, էլեկտրաէներգիա ստանալու, նավարկության, ձկնաբու­ծության և այլ նպատակներով: Հայաստանում կան ջրամբարներ, որոնց ջուրը հիմնականում օգտագործում են ո­ռոգման նպատակով, օրինակ՝  Ախուրյանի, Ապարանի և այլ ջրամբարներ:

Հարցեր  և  առաջադրանքներ

  1. Ի՞նչ է լիճը:
  2. Լճային գոգավորությունները ըստ ծագման ի՞նչ տեսակների են լի­նում: Բերեք օրինակներ:
  3. Որո՞նք են հոսուն և անհոսք լճերը: Բերեք օրինակներ:
  4. Ի՞նչ է ջրամբարը: Ինչո՞ւ են ջրամբարներ կառուցում:

Оставьте комментарий